Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Մարդկանց նպատակը բարեկեցիկ ու անվտանգ կյանքն է, որը կարող է չհամընկնել էլիտայի նպատակների հետ

Մարդկանց նպատակը բարեկեցիկ ու անվտանգ կյանքն է, որը կարող է չհամընկնել էլիտայի նպատակների հետ
24.07.2025 | 13:50

Թյուրիմացությունների, կիսատ-պռատ սովորած ու այդպես էլ չհասկացած դասերի, տգիտության ու պառակտվածության պայմաններում դեռևս որևէ մեկը նորմալ պետականություն չի կառուցել։

Նորմալ պետականությունն էլ այն է, երբ բոլոր մարդիկ ապրում են անվտանգ, շատ թե քիչ բարեկեցիկ և հունի մեջ ընկած կյանքով։

Այն դեպքերը, երբ երկրում նորմալ և, հաճախ էլ խիստ բարեկեցիկ կյանքով ապրում է միայն իշխանությունը իր հետ բերած վերնախավով, լավ հայտնի են աշխարհում որպես կախյալ երկրներ՝ զուրկ իրական սուվերենիտետից կամ ինքնիշխանությունից։

Ուրիշ խոսքով, դրանք այն երկրներն են, որոնք ընդհանուր առմամբ ունեն ուժեղների կողմից կառավարվող կախյալ իշխանություն ու, կախված զանազան հանգամանքներից, սուվերենիտետի ինչ որ փոքր չափ, որն էլ կարող ուժի մեջ լինել միայն ներքին քաղաքականության ոլորտում՝ մարդկանց վրա ճնշում բանեցնելու տեսքով։

Եվ հենց այսպիսին է եղել մեր երկիրը անկախության ողջ ընթացքում՝ ունենալով ցածր մակարդակի աղքատ ու անկազմակերպ կյանք, մի վիճակ, որն ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։

Մյուս կողմից էլ, ամեն մի հերթական իշխանություն ձգտում է ինչ որ ձևով արդարացնել նման անցանկալի վիճակը ու պնդում, որ դրա պատճառը ուրիշներն են ու, երբեմն էլ բանը հասնում է նրան, որ ժողովուրդն ինքն է մեղավոր, որ լավ չի ապրում, քանի որ նախաձեռնող չէ, աշխատասեր չէ և այլն։

Նման պայմաններում իշխանությունների կողմից առաջ է քաշվում նաև դեմագոգիկ բնույթի մի այլ թյուրիմացություն ևս, որի նպատակը մարդկանց խելքահան եղած ու հնազանդ պահելն է։

Դա մի կողմից սուվերենիտետի ու անկախության և մյուս կողմից էլ հասարակ մարդկանց լավ ու բարեկեցիկ կյանքի մեջ հավասարության նշան դնելն է։

Այնինչ, իրականում դրանք բոլորովին տարբեր բաներ են։

Նախ սկսենք նրանից, որ սուվերենիտետի չափն ինքը տարբեր երկրներում տարբեր է, և ներկայում կան հատուկենտ հզոր ու ինքնիշխան երկրներ, որից հետո գալիս են հարաբերական իմաստով ինքնիշխան երկրները և, հետո էլ, աննշան սուվերենիտետ ունեցող մյուսները։

Մարդկանց ազատություն ու իրավունք ասածն էլ, դարձյալ չի կարող պայմանավորված լինել երկրի սուվերենիտետի չափով, և կարող են լինել բարձր սուվերենությամբ երկրներ, որտեղ մարդիկ անազատ ու անիրավունք են և հակառակը, երկրներ, որոնք համարյա սուվերեն չեն, բայց որտեղ մարդիկ ունեն ազատ ու բարեկեցիկ կյանք։

Նույն ձևով էլ, բարեկեցիկ ու լավ կյանքը կարող է որևէ կապ չունենալ սուվերենիտետի հետ և հասարակ մարդու համար կախյալ, բայց անվտանգ կյանքը լինի շատ ավելի գերադասելի, քան անկախ, բայց վտանգներով լի կյանքը։

Մարդկանց նպատակը բարեկեցիկ և հարատև ու անվտանգ կյանքն է, որը կարող է չհամընկնել էլիտայի նպատակների հետ, եթե վերջինս կախյալ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ